National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.02.2020
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել նստաշրջանի աշխատանքներից
1 / 10

Փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը:

Պատվիրակությունը  հունվարի 26-ից փետրվարի 1-ը  Ստրասբուրգում մասնակցել է  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին:

Ասուլիսին պատվիրակությունը ներկայացել էր գրեթե ամբողջ կազմով:

Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն արդյունավետ է գնահատել նստաշրջանի աշխատանքները՝ հավելելով, որ  հայկական պատվիրակության չորս անդամներ ընտրվել են ԵԽԽՎ մի շարք կարեւոր  պաշտոններում:

Այսպես՝ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, ինչպես նաեւ՝ Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովում (Վենետիկի հանձնաժողով) ԵԽԽՎ Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանն ընտրվել է ԵԽԽՎ-ում «Եվրոպայի լիբերալների եւ ժողովրդավարների ալյանս» քաղաքական խմբի /ALDE/ փոխնախագահ:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանն ընտրվել է ԵԽԽՎ Մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի Լրատվամիջոցների եւ տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի նախագահի տեղակալ, ինչպես նաեւ՝ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովում (ECRI) ԵԽԽՎ Մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի ներկայացուցչի փոխարինող:

Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ հայկական պատվիրակությունը գրավոր հայտարարության նախագիծ է ներկայացրել՝  կապված Բաքվի հայ բնակչության զանգվածային  ջարդերի 30-րդ տարելիցի հետ, որը բավարար չափով ստորագրություններ հավաքելով՝ հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում:

Նստաշրջանի ընթացքում քննարկվել է նաեւ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներին վերաբերող բանաձեւ, որն ընդունվել է:  Փաստաթղթի ընդունումը կարեւորել է նաեւ  պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ Ադրբեջանին տեւական ժամանակ հաջողվում էր տապալել բանաձեւի ընդունումը՝ օգտագործելով իրեն հատուկ խավիարային  ու դոլարային դիվանագիտությունը:  ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը մեջբերել է բանաձեւի հիմնական զեկուցողի խոսքերը, ըստ որոնց՝ Ադրբեջանը ԵԽ անդամ միակ երկիրն է, որտեղ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առումով վիճակը շարունակում է մնալ ուղղակի աղետալի:

Գործընկերներին լրացնելով՝ Հովհաննես Իգիթյանը նշել է, որ քննարկվել են եւ տարվա ընթացքում շարունակվելու են քննարկվել նաեւ այնպիսի հարցեր, որոնք մտահոգիչ են թե Հայաստանի, թե ԵԽ անդամ մյուս երկրների համար: Դրանք վերաբերում են կեղծ լուրերին /ֆեյքնյուզ/, զանգվածային լրատվամիջոցներում մանիպուլյացիային, քաղբանտարկյալներին, ընտրություններին, տարբեր տարածաշրջաններում խաղաղության հարցին:

Պատվիրակության անդամները պատասխանել են լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցողների եւ  Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի՝ օրերս արված  հայտարարություններին: Հիշեցնենք, որ հայտարարությունները վերաբերում էին ՀՀ Սահմանադրական դատարանի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի միջեւ առկա լարվածությանը:

Պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ կիսում է   ԵԽԽՎ համազեկուցողների անհանգստությունները, ըստ որի՝ Հայաստանում երկու ինստիտուտների՝ Սահմանադրական դատարանի եւ վարչապետի աշխատակազմի միջեւ կա մեծ լարվածություն:

«Կարծում եմ՝ սա նորմալ չէ, կարծում եմ նաեւ, որ սա արդյունքն է նրա, որ ՍԴ նախագահն արել է բազմակի քաղաքական հայտարարություններ, որոնք կրում են ընդդիմադիր բնույթ: Այսինքն՝ ՍԴ նախագահը, որը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, փաստացի անում է քաղաքական հայտարարություններ»,-նշել է Ռուբեն Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է Վենետիկ հանձնաժողովի նախագահի հայտարարությանը, որում նշվում էր, թե ՍԴ դատավորների՝ վաղաժամկետ կենսաթոշակի անցնելը պետք է լինի պարտադիր կամավորության սկզբունքով, ապա Ռուբեն Ռուբինյանը մեջբերել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, թե տարբեր շրջանակներ  տարատեսակ ճնշումների են դիմում, որպեսզի ՍԴ այն  դատավորներին, որոնք ցանկություն կունենան անցնելու վաղ կենսաթոշակի, ետ պահեն  այդ քայլից:

Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ համակարծիք է Ռուստամ Բադասյանի հետ, եւ չի կարծում, որ վերոնշյալ հայտարարություններն ուղղված էին ՀՀ իշխանություններին:

Հակառակ տեսակետն ունեին պատվիրակության ընդդիմադիր՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը, որոնք համոզված էին, որ հայտարարություններն ուղղված են բացառապես Հայաստանի իշխանություններին, եւ  նրանք դրանք մեկնաբանում են իրենց օգտին: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ հայտարարություններում հստակ ուղերձ կա՝ իշխանությունները պետք է իրենց գործողությունները համապատասխանեցնեն իրավունքի գերակայությանը:

Համամիտ չլինելով ընդդիմադիր գործընկերների  տեսակետների հետ՝ Ռուբեն Ռուբինյանը կարծիք է հայտնել, թե եթե դրանք /հայտարարությունները/ ուղղված լինեին ՀՀ իշխանություններին, ապա դրանք ուղղակիորեն կասվեին Կառավարությանը:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am